Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Երբ ես տեսնում եմ Ձեզ

Երբ ես տեսնում եմ Ձեզ —
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել։
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՜ւց հանգած՝
Սպասում են լույսի։
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի[1] թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր։

Փոքր քայլերի արվեստը: Սենտ դը Էքզյուպերի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

06.05.2021

  1. Քննարկել հետևյալ ստեղծագործությունները..

    Պայքար Առանց կատաղության։ Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:

— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Կամուրջը։ Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

1.Գրել խոհեր կարդացածի մասին:

Իմ խոհերը նամակի մասին

Ես համարում եմ, որ մարդը կարող ինտելիգենտ լինել առանց կրթություն ստանալու և ես համաձայն եմ այս նամակի հետ։

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ

Հիսուսի կատուն։ Գրիգ

Ես հինգ կամ վեցերորդ դասարանի աշակերտ էի, երբ մասնակից եղա այս պատմությանը: Դասղեկը և աղջիկները դասարանում չէին, տղաները խմբվել էին նստարաններից մեկի մոտ, ծիծաղում էին: Պարզելու համար, թե ինչն է նրանց զվարճացրել, մոտեցա և խմբի կենտրոնում տեսա Նարեկին, որը շոյում էր կիսաբաց պայուսակից վախվորած նայող մոխրագույն կատվին: — Ի՛նչ է եղել,- հարցրի ոգևորված: — Նարեկին խաբել, վրան կատու են ծախել,- պատասխանեց Տիգրանը, որի աչքերը շատ ծիծաղելուց արցունքոտվել, վարդագույն էին դարձել: — Ինձ չե՛ն խաբել,- ասաց Նարեկը: — Ով գիտի աղբանոցից են գտել,- շարունակեց Տիգրանը,- ասել են՝ իբր Հիսուսի կատուն է, հավատացել է: — Չե՛ն խաբել, ինձ չե՛ն խաբել, կատվի էդպիսի տեսակ կա՛, շատ հազվադեպ պատահող տեսակ է, անունն էլ Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում, ջրի վրայով քայլել է կարողանում, -աչքերը արագ-արագ թարթելով՝ նորից խոսեց: Ծիծաղի նոր ալիք բարձրացավ: Դեռ լավ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, սակայն համատարած ծիծաղը վարակիչ էր: -Վաճառողն է էդպես ասել, չէ՞,- վրա բերեց Կարենը: -Դդում ես էլի: -… -… Նա շարունակ շոյում էր կատվին ու պնդում, որ իրեն չեն խաբել, որ կատվի այդ տեսակը կարող է իրոք ջրի վրայով քայլել: Բանը հասավ այնտեղ, որ Նարեկն ու Կարենը քիչ էր մնում ծեծեին իրար. երբ Կարենը ձեռքը երկարեց կատվին, Նարեկը թույլ չտվեց դիպչել, միմյանց օձիք բռնեցին, բաժանեցինք: — Գի՛ժ, պատռեցիր,- օձիքը շոշափելով՝ բղավում էր Կարենը, այտերն արցունքոտվել էին:- Գի՛ժ ես: Նարեկը ձայն չէր հանում, գլուխը կախ շոյում էր կատվին, ասես ոչինչ չէր եղել: -Տե՛ս, Ճվճվիկը դռան մոտ է,-շրջվելով դեպի Գրիգորը՝ասաց Կարենը, կանաչ աչքերը փայլում էին զայրույթից: Ճվճվիկը ընկեր Ադիբեկյանն էր՝ ուսմասվարներից մեկը: Մականունը ստացել էր ականջ ծակող սուր ձայնի և հաճախ բղավելու սովորության համար: Դասամիջոցին կանգնում էր դպրոցի կենտրոնական մուտքի առջև, հսկում, որ աշակերտները չփախչեն: — Դռան մոտ է,- վերադառնալով ասաց Գրիգորը: — Զուգարանի պատուհանից կփախչենք,- վճռեց Կարենն ու նայելով Նարեկին՝ավելացրեց.- Դու էլ ես գալիս: Երբ թեքվեցինք դեպի ձորը տանող ճանապարհը, նոր միայն կռահեցի, թե ինչ կա Կարենի մըքին: Ինչ-որ բան հուշում էր ինձ, որ պետք է վերադառնալ, չէի ցանկանում մասնակից լինել այն բանին, ինչ քիչ հետո էր տեղի ունենալու, բայց նաև հետաքրքրությունը մեծ էր, հետո ճանապարհի կեսից ետ կանգնելն էլ անհարմար էր, ի՞նչ կմտածեին տղաները: Քայլում էի ու նայում դեղին պայուսակը երկու ձեռքով կրծքին սեղմած Նարեկին, իսկ մտապատկերումս նրա մոր խեղճացած ձեռքերն էին… Ամեն ամսվա վերջին, երբ դասղեկի սեղանին ցելոֆանե անթափանց տոպրակ էր հայտնվում, պարզ էր, որ Նարեկի մայրն է եկել: Ոչ մի տոն բաց չէր թողնում իր շնորհակալությունը հայտնելու դասղեկին, իսկ վերջինս իր գործը լավ գիտեր. ժամանակ առ ժամանակ դասամիջոցներին խնդրում էր Նարեկին դուրս գալ և դասարանին ասում էր. -Երբ դասի ժամանակ կանգնում է նստած տեղից, քայլում դասարանում կամ այլ տարօրինակություն անում, ուշադրություն մի՛ դարձրեք, մի՛ նկատեք նրան… Մեր Նարեկը խնդիր ունի նյարդերի հետ, բուժվում է, ժամանակավոր բաներ են, ոչ մի լուրջ բան… մենք պետք է օգնենք նրան, երբ ծիծաղում եք, արձագանքում յուրաքանչյուր շարժմանը, ավելի եք ոգևորում, մի՛ նկատեք: Իսկ վերջում ավելացնելով «Մեր խոսակցության մասին ոչ մի խոսք նրա մոտ», գնում էր: Այսպես, առաջին դասարանից նրա մայրը գալիս էր, անհատապես շնորհակալություն հայտնում բոլոր ուսուցիչներին, իսկ ես նայում էի ձեռքերի դուրս ցցված երակներին, որ ծառի հողոտ արմատներ էին հիշեցնում, ու տխրում: Ի՞նչ կար այդ ձեռքերում, ի՞նչն էր այդպես գրավել…Մեր կյանքի առաջին սեպտեմբերի մեկին բոլորս ճերմակ հագնված, մի մարդու նման կանգնած էինք դպրոցի հրապարակում, դասղեկը մոր հետ նոր էինք ծանոթացել, հորդորում էր լուռ մնալ, տնօրենը ճառ էր ասում: Ոչ ոք չէր լսում, թե ինչ է ասում տնօրենը, կամ գուցե լսում էին, հիշում եմ՝ իմ հայացքը սառել էր Տիգրանի՝ մուգ մանուշակագույն պիջակին, միայն նա էր տարբերվում բոլորից, ասես սև աղավնի լիներ սպիտակների մեջ: Մինչ տարված էի պիջակի ոսկեջրած կոճակներով, մի նիհար կին, որդու ձեռքը բռնած մոտեցան մեզ. նրանք էին: Առաջին իսկ հանդիպման ժամանակ ձեռքերը չվրիպեցին աչքիցս, դուրս ցցված երակները իսկույն գրավեցին ուշադրությունս, ինչ-որ տխուր բան կար այդ ամենի մեջ… Տիգրանն ու Կարենը առջևից էին գնում, տաք քամին երկրորդ անգամ սահեց քրտնած ծոծրակիս վրայով, և նոր միայն ինքս ինձ բռնեցրի, որ տագնապով ոտքերիս տակ եմ նայում՝ փորձելով կանխազգալ դարանակալ օձի հարձակումը: Ասում էին՝ անցյալ տարի, երբ տոթ օրը կախված է եղել ձորի վրա, և տաք քարերից լռություն է բարձրացել երկինք, զարմանալի գեղեցիկ օձը խայթել է տղային: Նա ձեռքը երկարել է՝ փորձելով որսալ օձին, բայց օձը խայթել է: Այդ օրը ոչ ոք չի եղել ձորում՝ բացի տղաներից, մինչև դուրս են բերել վիրավոր ընկերոջը, տղայի մազերը ամբողջությամբ սպիտակել են: Թույնի ազդեցությունից են սպիտակել, օրգանիզմը պայքարել է, բախտը բերել՝ ողջ է մնացել… Իջնում էինք զառիվայր ճանապարհով, մանրահատիկ խճաքարը փախչում էր մեր ոտքերի տակից, աչքերիս առաջ սպիտակած մազերով տղան էր, ամեն օր տեսնում էի դպրոցի միջանցքում, մի դասարան բարձր էր ինձնից, այլևս ձոր չի իջնում, երբեք չի իջնելու… — Հաստատ անձրև է գալու, -ասաց Գրիգորը: — Ի՞նչ գիտես: — Թևս մզմզում է, երբ ինչ-որ տեղդ կոտրված է լինում, զգում ես, թե երբ է անձրև է գալու, կոտրված տեղը անձրևից առաջ զգացնում է: Հիմա թևս մզմզում է: -… -… -… -Կարո՞ղ է ճիշտ է ասում ու կատվի այդ տեսակը իրոք կա,- միայն ինձ լսելի հարցրեց… Գրիգորը այլևս հարցեր չտվեց, ամբողջ ճանապարհին կոտրված թևի ու սպասվող անձրևի մասին խոսեց, չէի լսում, բառերը կորչում էին օդում, ուշադրությունս ուղղված էր մոտակայքում թաքնված օձին, վախենում էի: Երբ հասանք գետի մոտ, ջուրը լույսի անդրադարձմամբ աչքով էր անում ինձ, ինչ-որ բան նորից հուշում էր, որ պետք է վերադառնալ, չէի ցանկանում մաասնակից լինել այն բանին, ինչ քիչ հետո էր լինելու, բայց մնացի… — Քեզ չեն խաբել, չէ՞, դե որ չեն խաբել, կատվին ջու՛րը նետիր,- ասաց Կարենը,- թող քայլի ջրի վրայով: Նարեկը ձայն չէր հանում, նայում էր նրան ու աչքերը թարթում: — Չե՞ս լսում, խու՞լ ես, ասում եմ՝ ջուրը նետիր… Հետո ամեն ինչ արագ կատարվեց, թե ինչպես Կարենը ձեռքը տարավ պայուսակին և ինչպես հայտնվեց այն գետում, իմ աչքի առաջ է եղել: Պայուսակը լողում էր արծաթագույն մակերեսին, սուզվում-բարձրանում՝կարծես փորձելով կառչել որևէ քարից, բայց ջրի հոսքը արագ էր, շատ արագ: Մի պահ Նարեկը անշարժ, հիպնոսացածի նման նայում էր հեռացող պայուսակին ու ոչինչ չէր անում: Գուցե չէր հավատում, որ իր մոտ չէ, որ մատները այդպես հեշտ, առանց դիմադրության կարող էին հանձնել ուրիշին: Գիտեր. զգում էր՝ դիմադրություն է եղել, մատները չէին հանձնվել, մատները մրմռում էին, ծակծկոցներ էր զգում ափի մեջ ու ոչինչ չէր անում…Գուցե լավ էլ հասկանում էր, թե ինչ է կատարվում, պարզապես ինչ-որ բանի էր սպասում, նայում էր ու սպասում… Երբ պայուսակը դեղին կետ դառնալու չափ հեռացել էր տեսադաշտից, նա սթափվեց, ասես ցրվեց շուրջը խտացող մշուշը և արցունքն աչքերին շտապեց պայուսակի հետևից: Նայում էի՝ ինչպես էր Նարեկը վազում գետի եզրով, իսկ աչքերիս առաջ ծառի հողոտ արմատներ հիշեցնող երակներն էին, ավելի հողոտ, ավելի ընդգծված էին թվում… Երեկ առավոտյան, երբ մտքովս անցել էր եկեղեցի գնալ, զարմանալի հանդիպում եղավ: Նարեկը կանգնած էր իմ դիմաց՝ մինչև կոշիկները հասնող եկեղեցական սև զգեստը հագին: Նայում էի՝չկարողանալով կտրել հայացքս, տարիներ էին անցել, ոչինչ չէր մնացել իմ ճանաչած Նարեկից, բարձրահասակ էր, նեղ ոսպնյակներով ակնոցն ու թավ մորուքը ծածկել էին դիմագծերը. չէի ճանաչի, եթե ինքը չճանաչեր, չմոտենար ինձ: Ձորում պատահածից հետո ոչ ոք չտեսավ նրան, այլևս չեկավ դասի, ասում էին՝ մայրը այլ դպրոց է տարել…Մեր կարճ խոսկացության ընթացքում հասցրի պատմել, որ գրող եմ, պատմվածքներ եմ գրում, չեմ հիշում՝ էլ ինչ եմ ասել, հիշում եմ՝ անընդհատ կրկնում էի, թե որքան լավ է իր հետ զրուցելը, շնորհակալություն էի հայտնում: Ժպտում էր, զարմանում, թե ինչու եմ շնորհակալություն հայտնում, իսկ այդ պահին ասես մեծ բեռ էր ընկել ուսերիցս, և ես իրոք շնորհակալ էի նրան:

Բիլ երկինք։ Անրի Գրիգորյան

Երբ Բիլը գիտակցեց, որ փակվել է մռայլ սենյակում, տագնապը համակեց նրան, ու սիրտը սկսեց այնքան արագ խփել, որ կարծես ուր որ է դուրս էր թռչելու հրազենի գնդակի պես: Հուսահատ դիպչում էր պատերին, շոշափում, հոտոտում էր պատերը. ոչ մի ելք չկար: Միակ ելքը ծանր ու համր երկաթե դուռն էր, որը պինդ փակված էր դրսից, ուստի կոտրել նրա համառ համրությունն ու ծանրությունը հնարավոր չէր:

Դրսում նա հաճախ էր իրեն մենակ զգացել, բայց փակված միայնությունը ավելի սարսափելի թվաց, քանի որ նրանից պատսպարվելու ոչ մի միջոց չկար:
Նա հիշեց մոր խոսքերը՝ նեղն ընկած պահին չպիտի կորցնես ինքնատիրապետումդ, այլապես այդ վիճակից երբեք դուրս չես գա, ու փորձեց հանդարտվել: Կուչ եկավ մի անկյունում ու ականջ դրեց սրտի տրոփին: Ահաբեկված սիրտը մեկ այնքան արագ էր խփում, որ ասես ճայթյունով դուրս է պրծնելու, մեկ էլ՝ այնքան դանդաղ, որ կարծես ուր-որ է կքարանա ու կլռի:
Բիլը վախվխելով հայացքը նետում էր մի պատից մյուսը, մի անկյունից մյուսը, մի կետից մյուսը, մեկ՝ առաստաղին ու մեկ՝ հատակին: Մարմինը դողդողում էր, շուրթերը կափկափում էին, արցունքը կաթկթում էր աչքերից: Ախր մայրը միշտ զգուշացնում էր նրան, որ հեռու տեղ չգնա, չխաղա կասկածելի վայրերում: Իսկ ինքը հրապուրվելով բանվորների նավակ հիշեցնող թղթե գլխարկներով՝ առավոտից քարշ էր գալիս նրանց հետևից: Բանվորները կերակրեցին Բիլին, կատակեցին ու խաղացին հետը: Հետո Բիլը թափառում էր մի սենյակից մյուսը. բանվորները ամեն տեղ ներկում էին պատերը, քանդում ու կառուցում էին:Այս մի սենյակում ոչ ոք չկար: Անպատուհան, փոշեկոլոլ սենյակ էր, որտեղ ոչ մի բանվոր երևի ոտք չէր դրել: Բիլը այն է ուզում էր դուրս գար սենյակից, երբ բանվորներից մեկը՝ նրան չնկատելով, դուռը փակեց: Բիլը ճչում էր, աղաղակում, հարվածում ու ճանկռոտում դուռը, բայց նրան լսող չեղավ… Իսկ հիմա դրսից ոչ մի ձայն չէր լսվում, երևի բանվորները արդեն տուն էին գնացել:
Մի՞թե կմեռնեմ այստեղ, մտածում էր Բիլն ու հուսահատ աչքերը հառել առաստաղին:
Հիմա այնտեղ՝ դրսում, բիլ երկնքի տակ թռչուններն ու մարդիկ լող են տալիս օդում, թևերը լայն բացած գլխակորույս նետվում երկնքի մի պատից մյուսը, մի անկյունից մյուսը, մի կետից մյուսը, մեկ իջնում են ծառերին, մեկ մոտենում երկնքի առաստաղին:
Թռչուններն ու մարդիկ այնքան նման են միմյանց, բայց երբ թռչունները հանգիստ նստում են ծառերին, հանկարծ, որտեղից որտեղ մի որսորդ է հայտնվում ու կրակում նրանց վրա. թռչունները պոկվում են ճյուղերից ու պատսպարվում երկնքում: Թաքստոցից նայում են ներքև ու տեսնում, որ նրանցից մեկն ընկած է երկնքից հեռու. մեռնողը ծանր մարմնի տակ զգում է սեփական արյունից տաքացած փշոտ հողը, նրա աչքերից ծիկրակում է երկինքը, նա հպարտ տնկում է կտուցը, թևերը չի զգում, ուստի գիտակցում է, որ մեռնելու ժամանակն է, ու մեռնում է որսորդի նուրբ, մոմե ձեռնափի վրա:
Անկյունում կուչ եկած Բիլը հայացքը աննպատակ պտտում էր խավարի մեջ: Նա փորձում էր հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի՝ իրեն կգտնեն ու կփրկեն: Հենց հավատում էր դրան՝ թեթևություն էր զգում, համարձակ սկսում էր ճեմել սենյակում: Բայց հանկարծ հավատը անհետանում էր ուր-որ, ու տագնապը նրան նորից առնում էր իր զորեղ թևերի մեջ: Բիլը զարմանում էր, թե ինչու է հավատը այդքան փխրուն: Հեշտությամբ կարող է գա՝ լցվել սրտիդ, մարմնիդ, գլխիդ, մազերիդ մեջ, թվում է՝ փրկությունը այնքան մոտ է, բայց հանկարծ հավատը փշրվում, փոշիանում է, ու նորից զգում ես, թե որքան անելանելի վիճակում ես հայտնվել:
Մի՞թե կմեռնեմ այստեղ, նորից մտածեց Բիլը, հիշեց անցյալ տարվա պատերազմն ու ավելի սարսափեց: Նա պատերազմին չի մասնակցել: Պատահական ծառի տակ կուչ եկած, երկյուղած աչքերով հետևում էր թռչուններին, որոնք հիմա պատսպարվում էին ծառերի ներսում, քանի որ երկնքի հանգիստը հիմա խանգարվում էր ռազմական ինքնաթիռների երամներից: Թռչուններն ու մարդիկ թաքնվում էին տերևների հետևում, որոնք երբեմն թրթռում էին նրանց ցնցվող մարմիններից:
Բիլը նստում էր ծառի տակ ու տխրամած խորհում, որ ինչ-որ տեղ տղերքը մեռնում էին՝ տեսնելով, թե ոնց է կործանվում գահընկեց մարմինների, արյան լճակների ու հողի շատրվանների մասին միֆը: Տղերքը մեռնում էին՝ զգալով գարեջրի  համը շուրթերին: Տղերքը մեռնում էին՝ երկնքից հեռու, արնաքամ մարմինների տակ զգալով սեփական արյունից տաքացած հողը, ու նրանց մտքերը հետզհետե փոքրանում էին, կծկվում էին, դառնում փոքրիկ բառեր՝ մայր, քույր, տուն, փայտ:
Բիլը նայում էր երկնքին, որը այդքան կապույտ երբեք չէր եղել, իսկ արևը՝ այդքան դաղող: Բիլը լիզում էր ձկան ողնաշարը՝ զգալով ջրաբույսերի համը, քանդում էր ձկան գլուխը՝ մերկացնելով նրա հուշերը գիշատիչների լուռ աչքերի, ջրահարսերի սառը ստինքների ու ալիքների ճողփյունի մասին, բզկտում էր ձկան մարմինն ու ինչ-որ ցավ էր զգում, որը չէր թողնում՝ օղակել էր սիրտն ու սեղմում էր: Բիլը գրկում էր ծառը՝ հրճվելով այն մտքից, որ նրա արմատները թաղված են խորը՝ վտանգված երկնքից հեռու:
Բիլը այդպես էլ չմոռացավ այդ տղերքին, քանի որ նրանք միասին ապրում էին այդ ամառն ու ապրելու էին նաև հետո: Բիլը երբեք չէր տեսել նրանց, բայց չէր մոռանում նրանց դեմքը: Ու հիմա, երբ փակված էր մութ սենյակում, նրանց դեմքը գալիս կանգնում էր աչքի առաջ. դեմք՝ լայն բիբերով, թմրած շուրթերով, սփրթնած այտերով, երկնքին կպած աչքերով, սառը ճակատով ու սև, բայց ծերացած թրաշով:
Մի՞թե կմեռնեմ այստեղ, նորից մտածեց Բիլն ու անհանգիստ շրջեց սենյակը՝ խարխափելով խավարի մեջ, ցնցելով բոլոր փոշեհատիկները, որոնք դանդաղ իջնում էին նրա աչքերին ու խառնվում արցունքներին: Հետո ակնդետ հայացքը պտտում էր առաստաղի վրա, որ գոնե մի բան նշմարի, հույսի մի հատիկ, որ ագահորեն վրա պրծնի ու կուլ տա: Բայց շուրջը մարդակուլ խավար էր ու գարշահոտ… Բիլը քսվում էր պատերին, կարծես որևէ ծվարած անցք փնտրելով, մի նեղլիկ անցք, որը նրան նորից կմերձեցներ դրսի աշխարհի հետ:
Բիլը հիշեց իր պատանի ընկերոջը՝ Հենրիին, որը հաճախ խաղում էր իր հետ ու ինչ ասես պատմում ու վստահում էր նրան:
-Ավտոբուսում կողքիս նստած՝ նա ցավակցում էր ինչ-որ մեկի մահը,- մի անգամ պատմում էր նա Բիլին,- Բիլ… նրա մահը այրեց թուշս… Ամեն անգամ սափրվելիս, տեսնում եմ, որ նրա մահը դեղին սպի է դարձել թշիս… Ամեն անգամ սափրվելիս, սափրում եմ նաև նրան… Իմ թրաշը միշտ նույն երկարությունն է ունենում, իսկ նրանը… նրա՜նը, Բի՛լ, ամեն անգամ ավելի ու ավելի երկար է լինում… Ձգվում է նրա մորուքը… գալարվում դեղին օձի պես… փաթաթվում բոլոր տռզած ավտոբուսներին ու պարանի տեսք ընդունած կախաղան հանում վշտերը… ավտոբուսներում պարփակված վշտերը… Ամեն անգամ սափրվելիս ես մտածում եմ, որ մորուքս մի օր կծերանա… իսկ նրանը… նրա՜նը, Բի՛լ, միշտ կմնա նույնը… սև ու սարսափելի երկար… Քսան, քսան, քսան… Փայտփորիկը կտցում է վայրկյանում քսան անգամ… Քսան, քսան, քսան… Նա ընդամենը քսան էր, Բի՛լ…
Բիլը լսում էր նրան ու տմբտմբացնում գլուխը՝ տխրամած դեմքով, կարեկցանքով լի աչքերով, իսկ մտքում ծիծաղում էր Հենրիի վրա, որի փոշեպատ աչքերից հոսում էր արցունքը՝ հավաքվելով բերանի անկյուններում:
-Հենրի, բա ի՞նչ կասես էն տղերքի մասին, ովքեր մեռնում էին գարեջրի  համը շուրթերին, բա գիտե՞ս՝ ինչ է զգում թռչունը, երբ հրացանի կրակոցից պատսպարվում է երկնքում, երբ կրծքում թեժ գնդակի ծանրությունից ընկնում է գետնին՝ առաջին անգամ սեփական մարմնի վրա զգալով մոլորակի ձգողական ուժը…
Հենրին ժպտաց՝ նրա ժպիտը նմանվեց ջրափոսում կծկված արևին:
-Բա ձո՞ւկը,- շարունակեց Բիլը,- ձո՜ւկը, որի գլուխը քանդում են, քրքրում ու ուտում ծովի բազմաթիվ շերտերի մասին նրա հիշողությունները… Հը՞, Հենրի… ո՞նց ես, ա՛յ տղա… թեթևացա՞ր… հա՞…
Իսկ ի՞նչ կլինի Հենրիի հետ, եթե ես… Ախր նա ամեն ինչ սրտին այնքան մոտ է ընդունում… Բիլը վեր թռավ տեղից ու տագնապահար շրջեց սենյակը՝ մեկ անգամ ևս տնտղելով պատերը: Հետո կուչ եկավ սենյակի մեջտեղում: Նրան թվում էր, թե չորս կողմից պատերը անշտապ մոտենում են իրեն. կսեղմեն, կտրորեն նրա մարմինը, նա շունչը կփչի, ու ոչ ոք չի իմանա, թե որտեղ է անհայտացել ինքը: Բիլը ցնցվում էր տեղում:
Հանկարծ ինչ-որ շրշյուն լսվեց, որին հաջորդեց միալար, կարճատև աղմուկ: Բիլը վախվորած աչքերով նայեց վերև. անկյունից լույսի նեղ շերտ ձգվեց սենյակ՝ փռվելով հատակին: Հավանաբար անցքը խցանված էր հողով, ու մի անզգույշ թռչուն վերևից տեղաշարժեց այն:
Բիլը հենարան գտնելով ոտքերի տակ՝ մի կերպ հասավ անցքին: Անցքը այնքան էլ նեղ չի, ինքն էլ փոքրամարմին տղա է, գուցե կարողանա անցնել նրա միջով: Գլուխը անցավ անցքից. թարմ օդը գուրգուրեց դեմքը: Իսկ ահա մարմինը խցանվեց անցքի մեջ: Ամեն ճիգ գործադրեց մարմինն էլ ազատելու համար, բայց ապարդյուն: Անցքը շատ նեղ էր՝ մարմինը առաջ չէր գնում:
Դրսում ոչ ոք չկար: Նրա գլուխն էլ այնքան փոքր էր, դժվար թե մեկը հեռվից նկատեր նրան: Բիլը ճչում էր, աղաղակում, բայց ոչ ոք այդպես էլ չարձագանքեց:
Բիլը որոշեց վերադառնալ սենյակ: Սակայն հայացքը սուզեց բիլ երկնքի մեջ… ու մնաց տեղում… Անիմաստ էր վերադառնալ գարշելի սենյակը, երբ այստեղ, թեկուզ խցանված ու անշարժ, նա տեսնում էր երկինքը, որը կարծես փլվում էր գլխին, փշրվում մանր-մունր մասերի, հետո դանդաղ հավաքվում ու կրկին բարձրանում ու տարածվում գլխավերևում: Բիլը ճպճպացնում էր աչքերն ու նորից տեսնում անհասանելի, անծայրածիր երկինքը, որտեղ ամպի մի կծիկ անգամ չէր գլորվում: Միայն հայելանման մակերևույթին հատուկենտ շարժվում էին սև կետերը՝ թռչունները… Սա հենց այն էր, ինչ իրեն պետք էր… Եթե այսպես մեռնի՝ աչքերը բիլ երկնքին հպած, սա թերևս այդքան էլ սարսափելի մահ չլինի… Հիմա էլ մենակ էր, բայց երկինքը միայնությունից փախչելու միջոց էր…
Մարմնի մեջ արյունը դժվարությամբ էր հոսում, անցքի պատերը շատ էին սեղմում… Հետզհետե բոլոր տհաճ զգացողությունները անհետանում էին… Իսկ մտքերը փոքրանում էին, կծկվում էին, դառնում ընդամենը փոքրիկ բառեր՝ մայր, քույր, տուն, փայտ…
-Բիլ, ո՞ւմ ես ավելի շատ սիրում՝ մո՞րդ, թե՞ հորդ:
-Հորս սպանեցին, նրան չեմ հիշում, ուրեմն մորս:
-Բիլ, տուն ունե՞ս:
-Փոքրիկ տուն:
-Քո՞ւյր, եղբա՞յր:
-Քույր: Տան համար միասին փայտ էինք հավաքում:
Հենց աչքերը փակվում էին, Բիլը սարսափահար իսկույն բացում էր, քանի որ փակվում էր նաև երկինքը: Բիլը չռում էր աչքերը՝ քշելով երկնքի վրա ընկած ստվերները: Բիլը դնչով հենվեց անցքի բերանին ու հայացքը հառեց բիլ հորիզոնին: Նա մարմինը այլևս չէր զգում: Վերջին միտքը հսկայական խատուտիկի մասին էր, որը գալարվում, պորտապար էր պարում հեռվում:
Երկինքը մոխրագույն էր դարձել, երբ ինչ-որ մեկը բռնեց նրա ոտքերից ու զգույշ քաշեց ներքև: Բիլը չէր հասկանում, թե ինչ էր տեղի ունենում: Նա կրկին տեսնում էր մոխրագույն երկինքն ու ոտնաձայներ լսում: Հետո ունկերը լցվեցին զվարթ ձայնով. ձայնը ինչ-որ բան էր պատմում, անհնար էր տարբերել բառերը:
Հետո ջրի սառը կաթիլներ ցողացին գլխին, Բիլը չռեց աչքերն ու շուռումուռ եկավ բանվորի կոշտ ու կեղտոտ ձեռնափի վրա: Երբ գիտակցեց տեղի ունեցածը, սկսեց տենդագին ինչ-որ բան պատմել բանվորին, թեև ինքն էլ չէր հասկանում արտաբերած բառերը: Բանվորը բարձրացրեց ձեռքն ու Բիլի մարմինը նետեց դեպի երկինք: Բիլը բացեց թևերը, ճվճվոցով մի պտույտ գործեց բանվորների գլխին ու խատուտիկի պես հալվեց երկնքի մակերևույթին: